Ինչպե՞ս ստեղծել օնլայն դասընթացներ

Հեղ. ՝ Vera Mirzoyan / Թարմացվել է .29 Մար 2024
4 րոպե կարդալու
Ինչպե՞ս ստեղծել օնլայն դասընթացներ

Եթե որոշել եք օնլայն դասավանդմամբ զբաղվել, ապա հաստատ ծանոթ եք էլեկտրոնային ուսուցման առավելություններին և ցանկանում եք ինքներդ օգտվել նման հնարավորությունից․ ստեղծել Ձեր օնլայն բիզնեսը, կիսվել Ձեր հմտություններով, իսկ փոխարենը եկամուտ ունենալ։

Ինչպես արդեն գիտեք, առցանց ուսուցումը հիմնականում իրականացվում է վիդեոդասերի և օնլայն կուրսերի միջոցով, որոնց ստեղծումը գլխացավանք կարող է թվալ։ Այդ իսկ պատճառով այսօր մենք միասին կքննարկենք, թե ինչպես պետք է ստեղծել Ձեր օնլայն դասընթացները, որպեսզի գործընթացը հնարավորինս հեշտ ստացվի, իսկ վերջնական արդյունքը՝ գոհացնող։

Կքննարկենք օնլայն կուրսի ստեղծման գործընթացը քայլլ առ քայլ։ Գնացի՜նք։

Քայլ առաջին՝ պլանավորում

Օնլայն կուրսեր ստեղծելու համար շատերը միանգամից կանգնում են տեսախցիկի առաջ և․․․ արդյունքը նրանց պատկերացրածը չի լինում կամ միանգամից հիասթափվում են։ Նման իրավիճակից խուսափելու համար պետք է նախօրոք պլանավորել ամբողջական կուրսի բովանդակությունը։

պլանավորում

Դուք պետք է հստակ պատկերացում կազմեք ամբողջական դասընթացի վերաբերյալ, իմանաք, թե քանի վիդեոդաս է պարունակելու յուրաքանչյուր կուրս, և մոտավոր պատկերացնեք յուրաքանչյուր վիդեոդասի տևողությունը։ Խորհուրդ չի տրվում ստեղծել չափից շատ երկար տեսագրություններ, որոնք կարող են ձանձրացնել և հոգնեցնել լսարանին։

Քայլ երկրորդ՝ դասակարգում

Պլանավորելուց հետո Դուք պետք է դասակարգեք Ձեր վիդեոդասերը։ Այս գործընթացում կարևոր է հաշվի առնել Ձեր լսարանի հմտությունները, հիմնային գիտելիքի մակարդակը, ինչպես նաև նրանց պատրաստակամությունն ավելին իմանալու հարցում։ Խորհուրդ է տրվում տեսագրութունները դասակարգել՝ ըստ երեք մակարդակի՝ սկսնակ, միջին և բարձր մակարդակների համար։

*Քայլ երրորդ՝ հավելյալ նյութերի պատրաստում

Երբեմն ինչ-որ թեմա բացատրելու համար անհրաժեշտ է լինում օրինակներ բերել, կամ օրինակ համակարգչի էկրանին ցուցադրել կատարվող գործողությունը, որպեսզի այն ավելի մատչելի լինի լսարանին։ Նման դեպքերում մինչև նկարահանումը սկսելը նախօրոք պետք է պատրաստել բոլոր հավելյալ նյութերը, որոնք կարող են լինել տարբեր ձևաչափի սլայդներ, դիագրամներ, նկարներ և այլն։ Սակայն, եթե նման նյութերի անհրաժեշտություն չկա, ուղղակի բա՛ց թողեք այս քայլը։

հավելյալ նյութերի պատրաստում

Քայլ չորրորդ՝ նկարահանում

Հավանաբար ամենաբարդ գործընթացն է՝ հատկապես նրանց համար, ովքեր չեն սիրում տեսախցիկի առաջ երևալ։ Եթե Դուք նույնպես նման անհանգստություն ունեք, ապա աչքի անցկացրեք վիդեոդասերի մի քանի հեղինակների տեսանյութերը և պատկերացրե՛ք, որ Դուք եք ներկայացնում նույն նյութը։ Ի՞նչը Ձեզ կխանգարեր լինել նույնքան ազատ և վստահ։ Իհարկե, սա մի փոքր հոգեբանական մոտեցում կպահանջի ինքներդ Ձեր հետ, բայց եթե Դուք ունեք համապատասխան հմտությունները և ցանկանում եք դրանք եկամտի աղբյուր դարձնել, ապա կգտնեք ինքներդ Ձեր ուժերին վստահելու ճիշտ ճանապարհը։

Դե, եթե պատրաստ եք տեսախցիկի առաջ դուրս գալուն, ապա պետք է միացնեք այն և սկսեք կիսվել Ձեր գիտելիքով ու փորձով։ Խոսելիս ուշադրությո՛ւն դարձրեք Ձեր ձայնի տոնին և բառապաշարին։ Դուք պետք է խոսեք Ձեր լսարանին հաճելի լեզվով, օգտագործեք նրանց հասկանալի բառեր․ դե անհրաժեշտության դեպքում կարող եք ներկայացնել որոշ տերմինների բացատրությունները։

նկարահանում

Ինչ վերաբերում է ձայնի տոնին, Դուք պետք է խոսեք հետաքրքրություն առաջացնող ձևով։ Օրինակ՝ ձայնի տոնի բարձրացում, իջեցումը կարող է ականջին ավելի լսելի դարձնել Ձեր խոսքը։ Կարևոր է նաև ձայնի մաքրությունը։ Ձեր հետևորդները չպետք է հիասթափվեն տեսագրություն մեջ առկա աղմուկի պատճառով։ Ուշադրությո՛ւն դարձրեք այս հանգամանքին, օգտագործե՛ք հատուկ բարձրախոսներ, կամ ապահովեք աղմուկի բացակայությունն այն տարածքում, որտեղ իրականացվում են նկարահանումները։

Քայլ հինգերորդ՝ ստուգում

Տեսագրությունը նկարահանելուց հետո Դուք պետք է ստուգեք այն։ Հնարավոր է որոշ բացթողումներ են տեղի ունեցել, կամ որևէ տեխնիկական անհամապատասխանություն կա, ինչը կարող է շփոթեցնել ուսանողներին կամ նյութի սխալ ընկալման պատճառ հանդիսանալ։ Ցանկացած նման թերություն պետք է բացառվի նախքան վիդեոդասերի հրապարակումը։ Սա կարող է ավելորդ անհանգստություն պատճառել, սակայ վստահ եմ՝ Դուք չեք ցանկանում սխալ տպավորություն թողնել։

Քայլ վեցերորդ՝ հրապարակում

Երբ օնլայն կուրսն արդեն վերջնական ստուգում է անցնում և պատրաստ է, պետք է անմիջապես վերբեռնել այն Ձեր օնլայն հարթակում և ներկայացնել հասարակությանը։ Հրապարակելիս Դուք պետք է ներկայացնեք նաև կուրսի արժեքը, այնպես որ Ձեր հավանական աշակերտները հասկանան՝ արդյո՞ք կարող են օգտվել դրանից թե ոչ։ Օնլայն կուրսի արժեքը որոշելիս հաշվի՛ առեք, որ եթե խելամիտ գումար չպահանջեք, ապա մեծ թվով աշակերտների կկորցնեք։

հրապարակում

Անհրաժեշտության դեպքում օնլայն կուրսի հետ կարող եք տեղադրել տարբեր ձևաչափի ֆայլեր, ինչպես ասենք աղյուսակի օրինակներ։

Հետևելով վերը նշված քայլերին՝ Դուք կստեղծեք օնլայն կուրսեր, որոնք կարժանանան Ձեր լսարանի հավանությանը։ Եթե նույնիսկ սկզբնական շրջանում ինչ-որ բան Ձեր սրտով չլինի, մի՛ հուսահատվեք, որովհետև հաջորդ անգամ հաստատ ավելի վստահ կներկայանաք և կներկայացնեք Ձեր հմտությունները․ ամեն ինչ բարելավվում է փորձի ընթացքում։
 

Facebook Twitter Linkedin Reddit

Բաժանորդագրվեք՝ ամենաօգտակար նյութերը բաց չթողնելու համար։

Շնորհակալություն։ Խնդրում ենք ստուգել Ձեր էլ․ հասցեն (նաև spam և promotion բաժինները):