Եթե Դուք արդեն որոշում եք կայացրել օնլայն դասընթացներ սկսելու Ձեր նոր կարիերայի վերաբերյալ, հավանաբար որոշ հարցեր կունենաք այս պատասխանատու գործը պատշաճ ձևով գլուխ բերելու մասին։ Ամենակարևոր և ամենից շատ հնչող հարցերից մեկն այն է, թե ինչ գործիքներ են պետք կամ ընդհանրապես ինչպիսի միջոցներ կան, որոնք կօգնեն հրաշալի արդյունք ապահովել։
Դե մենք էլ կանենք մեզնից կախված ամեն ինչ՝ պատասխանելու Ձեր հարցերին։ Այս անգամ ես Ձեզ հետ կկիսվեմ այն բոլոր ամենակարևոր գործիքներով, որոնք անհրաժեշտ են օնլայն կուրսեր սկսելու համար։
Պարտադիր գործիքներ
Նախ և առաջ, եկե՛ք առանձնացնենք պարտադիր գործիքները, որոնք գուցե նույնիսկ ավելորդ է ընդգրկել այս ցանկում, որովհետև Դուք հաստատ նկատի եք ունեցել դրանք։ Ամեն դեպքում մի քանի բառով նշեմ։ Դե, առանց համակարգիչ Դուք չեք կարող լսարանին հասանելի դարձնել օնլայն դասընթացները, իսկ միայն համակարգիչն անզօր է օգտակար լինել, եթե Դուք չեք ապահովել ինտերնետային միացումը։
Այս երկուսն օնլայն դասընթացներ իրականացնելու պարտադիր պայման հանդիսացող գործիքներն են։ Իսկ հիմա ես կներկայացնեմ որոշ այլ գործիքներ, որոնց նպատակն է հեշտացնել և բարելավել այս գործընթացը։
Օգտակար գործիքներ
#1 Screencast-O-Matic
Screencast-O-Matic-ը տեսագրությունների խմբագրման գործիք է, որը հնարավորինս հեշտացնում է ձայնագրությունների և տեսագրությունների մոնտաժը։ Այս պարզ և ինտուիտիվ գործիքը օգնում է հեշտությամբ կատարել այս աշխատանքը: Screencast-O-Matic-ը հնարավորություն է տալիս նկարելու համակարգչի էկրանը և զուգահեռ ձայնագրում է նաև Ձեր ձայնը։ Տեսագրելուց հետո Դուք կարող եք տեղում խմբագրել ստացված վիդեոն։ Այս գործիքն առաջարկում է անդամագրության ինչպես վճարովի այնպես էլ անվճար պլաններ։ Դե, իհարկե, անվճար տարբերակը որոշ սահմանափակումներ ունի։ Եթե Ձեր դասընթացի համար բավական է համակարգչի էկրանի նկարահանումը, ապա այս գործիքը հիանալի ընտրությու է։
#2 BlueBerry Flashback Express Recorder
Եթե ցանկանում եք, որ տեսանյութում էկրանից բացի երևաք նաև Դուք, ապա BlueBerry Flashback Express Recorder-ը լավ տարբերակ է։ Այս ձայնագրիչը թույլ է տալիս նկարել համակարգչի էկրանը՝ միևնույն ժամանակ համակարգչի տեսախցիկով նկարելով Ձեզ։ Այն առաջարկում է մի շարք առանձնահատկություններ, որոնք թույլ են տալիս Ձեզ խմբագրել Ձեր տեսանյութերը որպես պրոֆեսիոնալ։
Այս գործիքը հնարավորություն է տալիս նաև դադարեցնելու տեսախցիկի աշխատանքը։ Այնպես որ, Դուք կարող եք պարզապես նկարել համակարգչի էկրանը։ Դուք կարող եք ընտրել նաև, թե արդյոք ցանկանում եք ձայնագրել նաև ձայնը․ եթե ոչ, պարզապես կարող եք անջատել այն ֆունկցիան։ Մեկ այլ հրաշալի բան BlueBerry-ի մասին այն է, որ Դուք կարող եք պլանավորել ձայնագրությունները, որպեսզի խուսափեք առցանց միջոցառումների բացթողումից: Դուք կարող եք նախօրոք «ամրագրել» ձայնագրությունը և դիտել ավելի ուշ։
#3 Տեսախցիկ
Իհարկե, մենք գիտենք, որ ոչ բոլոր օնլայն կուրսերն են, որ տեսագրություններ են պարունակում։ Ամեն դեպքում, պետք է համաձայնվեք, որ հաջողակ ու ստացած դասընթացները պարտադիր տեսագրություններ են։ Դե, այսօր մենք սիրում ենք մարդկային դեմքեր տեսնել։
Տեսագրություններ նկարահանելու համար կարող եք օգտագործել հենց Ձեր համակարգչի վեբ տեսախցիկը։ Նման ձևով կարող եք օգտագործել նաև Ձեր հեռախոսի տեսախցիկը, եթե իհարկե չեք ցանկանում հավելյալ գումար ծախսել պրոֆեսիոնալ տեսախցիկ գնելու համար։
Ուղղակի ճիշտ լուսավորությո՛ւն ընտրեք, և համակարգչի կամ հեռախոսի տեսախցիկները բավարար կլինեն տեսագրությունների նկարահանման համար։
#4 Wirewax
Wirewax-ն առաջարկում է բազմաթիվ ինտերակտիվ ֆունկցիաներ։ Այս գործիքը թույլ է տալիս օրինակ տեսագրության ցանկացած մասում պարզ կոճակներ տեղադրեն, իսկ օգտատերերը կարող են օգտվել այս կոճակներից և հետևել դրանց միջոցով Ձեր առաջարկած նյութերին։ Սա Ձեզ հնարավորություն է տալիս լսարանին ուղղորդել ճիշտ ճանապարհով։ Wirewax-ը առաջին հարթակն է, որը գործարկել է 360 ինտերակտիվ տեսանյութը:
#5 Լուսային սարքեր
Ինչպես արդեն նշեցինք, ճիշտ լուսավորությունը միշտ կարևոր է։ Եթե բնական լույսը Ձեզ չի բավարարում, կամ ստացվել է այնպես, որ ստիպված եք նկարահանվել երեկոյան ժամերին, ապա պետք է հավելյալ լուսային սարքեր ապահովեք, որպեսզի Ձեր լսարանին որակով քոնթենթ տրամադրեք։
#6 Խոսափող
Կարծում եմ ձայնի մաքրությունն ավելի կարևոր է քան ճիշտ լուսավորությունը։ Ձեր տեսանյութը կարող է գեղեցիկ լինել, բայց եթե ձայնը շատ ցածր է կամ կողքից աղմուկ է լսվում, լսարանը կնյարդայնանա և չի ցանկանա նույնիսկ նայել մինչև վերջ: Այստեղ էլ օգնության են հասնում խոսափողերը։
Եթե համակարգչից և ինտերնետ կապից բացի Ձեզ մնում է ներդրում կատարելու միայն մեկ տարբերակ, ապա դա պետք է լինի խոսափողը։ Ձայնի գերազանց որակը մեծ նշանակություն ունի, հատկապես եթե Դուք գիտելիքներ ու հմտություններ փոխանցում եք հենց Ձեր խոսքի միջոցով:
Ստանդարտ ականջակալների մեծամասնության խոսափողերը զարմանալիորեն բարձր որակ են ապահովում: Եթե Դուք բարձրաձայն ներկայացնում եք Ձեր տեսանյութի սլայդները, և ոչ թե ուղղակիորեն նկարահանվում, ապա ականջակալները հարմար տարբերակ կարող են լինել: Իսկ եթե Դուք պատրաստ եք ներդրում կատարել, ապա խորհուրդ ենք տալիս որակյալ խոսափող ձեռք բերել։
#7 Trello
Եթե երբևէ չեք օգտագործել Trello-ն կամ նմանատիպ այլ հարթակներ, ապա տեղին է նշել, որ այս գործիքն օգնում է դասակարգել և կառավարել աշխատանքը։ Այտեղ Դուք կարող եք առանձին դաշտերով նշել Ձեր անելիքները, ամենաառաջնայինները կարող են լինել առանձին դաշտով։ Մեկ այլ սյունակ հատկացվում է արդեն կատարված առաջադրանքներին։
Դուք հեշտությամբ կարողանում եք մեկ դաշտից մյուսը տեղափոխել առաջադրանքները։ Այն հատկապես արդյունավետ է, երբ Դուք աշխատում եք թիմով։ Թիմի յուրաքանչյուր անդամ կատարում է իր առաջադրանքը և տեղափոխում դրան հատկացված քարտը մի աղյուսակից մյուսը, այնպես որ յուրաքանչյուր անդամ տեղեկացվում է աշխատանքային գործընթացից։
Այսպիսով, Trello-ն օգնում է իրականացնել աշխատանքի կառավարումը և նվազեցնում է հավանականությունը, որ ինչ-որ բան թերի կմնա կամ բաց կթողնվի։ Ամեն դեպքում, եթե Դուք հավատարիմ եք «թուղթ ու գրիչ» տարբերակին, Trello-ն պարտադիր պայման չէ Ձեր աշխատանքը պատշաճ իրականացնելու գործում։
#8 PowerPoint, Canva
PowerPoint-ին ու Canva-ին պետք է, որ ծանոթ լինեք։ Եթե Ձեր օնլայն դասընթացներում կարևոր է սլայդների կիրառությունը, ապա այս գործիքները լավագույն տարբերակն են։ Կարող եք օգտագործել նաև Google slides: Բայց մենք ավելի լավ տարբերակ կարող ենք առաջարկել։ Մուտք եք գործում Slidescarnival կայք, ըստ թեմայի ընտրում սլայդերի նմուշ, ընտրում, թե որ հարթակում եք ցանկանում կատարել փոփոխություններն ու հաստատում։ Կատարում եք փոփոխություններն ու ունենում գեղեցիկ պրեզենտացիա։
Ամփոփելով ասեմ, որ
այս անգամ կսահմանափակվենք օնլայն կուրսեր ստեղծելու համար անհրաժեշտ գործիքների այս տեսակներով։ Միշտ հիշե՛ք, որ եթե Դուք իրոք ցանկանում եք ինչ-որ բան անել, ապա կգտնեք Ձեր ցանկությանը հասնելու ամենալավ ճանապարհը։ Օնլայն դասընթացներ ստեղծելու հարցում Դուք ունեք մի շարք օգտակար գործիքներ։ Դե, մենք էլ միշտ պատրաստ ենք օգնության ձեռք մեկնելու։