Ապագային պատրաստ աշխատուժ․ ինչպե՞ս վերապատրաստել թիմին

Հեղ. ՝ Sona Hoveyan / Թարմացվել է .11 Նոյ 2025
9 րոպե կարդալու
Ապագային պատրաստ աշխատուժ․ ինչպե՞ս վերապատրաստել թիմին
Սեղմագրել   ChatGPT Perplexity

Նոր տեխնոլոգիաները, գործիքները և բիզնես պրոցեսները պահանջում են մշտապես փոխվել և պատրաստ լինել նոր մարտահրավերների։ Ժամանակի պահանջներին արդյունավետ արձագանքելու և մրցունակ լինելու համար անհրաժաշետ է ունենալ աշխատակիցներ, որոնք շարունակաբար զարգացնում են իրենց հմտությունները։ 

Այս հոդվածում կքննարկենք, թե ինչ վերապատրաստման եղանակներ կարող եք կիրառել, ինչ ձևաչափերով կարելի է կազմակերպել դասընթացները և ինչ գործոններ է կարևոր հաշվի առնել աշխատակիցների ուսուցման արդյունավետությունը բարձրացնելու համար։

Աշխատակիցներին վերապատրաստելու եղանակները 

Համաձայն ուսումնասիրությունների՝ աշխատակիցների 40%-ը լքում են աշխատավայրը մեկ տարվա ընթացքում, եթե ուսուցման և վերապատրաստման գործընթացը ճիշտ կազմակերպված չէ։ Իսկ ի՞նչ կարող է ներառել աշխատակիցների ուսուցման գործընթացը և ինչպես կազմակերպել ուսուցումը։ Եկեք քննարկենք մի քանի գործնական օրինակներ։

Ուսուցում աշխատանքային բուն գործընթացում 

Աշխատակիցների ուսուցման ամենատարածված ձևերից մեկը այն է, երբ սովորելու գործընթացը տեղի է ունենում հենց աշխատանքային բուն գործառույթների հիման վրա։ Այս պարագայում աշխատակիցը նոր գիտելիքներ ու հմտություններ է ձեռք բերում իր անմիջական պարտականությունները կատարելու ընթացքում՝ դիտարկելով, փորձելով, և հաղորդակցվելով փորձառու գործընկերների հետ։ 

Այս մեթոդն իրականում մի շարք առավելություններ ունի։ Օրինակ՝

  • Նոր հմտությունները սովորելու գործընթացը արագանում է, քանի որ աշխատակիցն անմիջապես է հետադարձ կապ ստանում և տեսնում է իր աշխատանքի արդյունքը։
  • Այն քիչ ռեսուրսներ է պահանջում, քանի որ կիրառում եք արդեն առկա մարդկային և նյութական ռեսուրսները։
  • Հաճախ նախապես կառուցված ծրագրի անհրաժեշտություն չկա, քանի որ ուսուցումը իրականացվում է պրակտիկ առաջադրանքների հիման վրա։
  • Ուսուցումն ավելի անհատական բնույթ է կրում, քանի որ յուրաքանչյուր աշխատակից սովորում է հենց այն եղանակով, որն ընդունված է ձեր թիմերում։

Ինչպես կազմակերպել

Ամենատարածված տարբերակներից մեկն է մենթոր կցելը։ Որպես մենթոր կարող է հանդիսանալ փորձառու աշխատակիցներից որևէ մեկը։ Այսպես, մենթորի հետ հանդիպումների, քննարկումների և գործնական օրինակների միջոցով աշխատակիցը ոչ միայն հասկանում է, ինչպես կատարել առաջադրանքը, այլ նաև՝ ինչու է այն այդպես արվում։ Փորձառու աշխատակցի առօրյա գործունեությանը հետևելը հնարավորություն է տալիս սովորել նրբություններ, որոնք ոչ մի դասընթացով չեն փոխանցվում։

Մյուս հետաքրքիր և արդյունավետ ձևը դերերի փոփոխությունն է։ Երբ աշխատակիցը որոշ ժամանակով անցնում է այլ բաժին կամ ստանձնում նոր պարտականություններ, ավելի ընդհանուր պատկերացում է կազմում ամբողջական գործընթացի մասին, և ոչ թե միայն իր պատասխանատավության շրջանակում ընկած առաջադրանքներից է գաղափար ունենում։

Այս մոտեցումը հատկապես տարածված է արտադրական ոլորտում, որտեղ թիմային համագործակցությունն ու պրոցեսների փոխկապակցվածությունը մեծ դեր ունեն։ 

Օրինակ՝ Heineken-ը ներդրել էր նմանատատիպ մի ծրագիր, որտեղ տեխնոլոգները յուրաքանչյուր վեց ամիսը մեկ տեղափոխվում են տարբեր բաժիններ՝ ներգրավվելով գարեջրի պատրաստման բոլոր փուլերում։ Այսպես՝ նրանք ամբողջական պատկերացում են կարողանում կազմել արտադրական շղթայի մասին, ձեռք բերում նոր հմտություններ ու գիտելիքներ, և ի վերջո՝ ավելի խորությամբ հասկանում իրենց դերի կարևորությունը վերջնական արդյունքը ապահովելու հարցում։ Այնուհետև տեխնոլոգը կցվում է որևէ կոնկրետ բաժնի։ 

Բացի փորձի փոխանակումից, նաև ինչ որ առումով կարողանում եք ստեղծել թիմային լինելու մշակույթ, ինչը յուրաքանչյուր ոլորտում չափազանց կարևոր է։

Խաչաձև ուսուցում 

Խաչաձև ուսուցումը աշխատակիցների վերապատրաստման այն ձևերից է, երբ թիմի անդամները սովորում են միմյանց գործառույթները՝ հասկանալու համար ոչ միայն իրենց, այլև գործընկերների դերի նշանակությունը ընդհանուր գործընթացում։

Այս պրակտիկան բավականին լայն տարածում ունի, քանի որ

  • Խթանում է թիմային հաղորդակցությունը, աշխատակիցները սովորում են միմյանց աշխատանքը գնահատել ու հասկանալ։
  • Ձեր բիզնեսը դառնում է ավելի ճկուն։ Անկախ ոլորտից՝ բոլոր կազմակերպություններն էլ առնչվում են դեպքերի, երբ անհրաժեշտություն է առաջանում որոշակի ժամանակով աշխատակցի բացակայության դեպքում նրանց փոխարինել։ Հատկապես աշխատակցի՝ աշխատանքից դուրս գալու դեպքում պետք է ճկուն գործել։ Իսկ երբ հարակից պաշտոնի համար վերապատրաստված աշխատակիցներ ունեք, այս ռիսկերից կարողանում եք խուսափել։
  • Աշխատակիցները զարգացնում են նոր հմտություններ, ինչը նրանց ավելի ինքնավստահ և նախաձեռնող է դարձնում։

Սակայն խաչաձև ուսուցումը չի նշանակում, որ արդյունքում կարելի է չափից շատ ծանրաբեռնել տվյալ աշխատակցին։ Աշխատակիցների մոտ չպետք է ձևավորվի զգացողություն, որ մի քանի գործ են կատարում, կամ որ բոլորն էլ հեշտ փոխարինելի են։

Ինչպես կազմակերպել

  • Սահմանեք այն լրացուցիչ գործառույթները, որն աշխատակիցը կարող է կատարել, առանց իր հիմնական աշխատանքի որակը կորցնելու։ Այդ գործառույթները նաև պետք է նրանց օգնեն նոր հմտություններ ու գիտելիքներ ձեռք բերել։
  • Ընտրեք ուսուցման ձևաչափը և ծրագիրը։
  • Խրախուսեք այն աշխատակիցներին, ովքեր վերապատրաստվել են այլ պաշտոնի համար։ Ընդ որում, բոլորովին պարտադիր չէ որ լինի պաշտոնի բարձրացման կամ նյութական խրախուսման տեսքով։
  • Վերապատրաստումը սկսեք թիմերից մեկից։ Երբ հասկանաք արդյունքներն ու արդյունավետությունը, կարող եք համատարած պրակտիկա դարձնել կազմակերպությունում։

Հավասարը հավասարին ուսուցում 

Ըստ անվան կարելի է ենթադրել, որ հավասարը հավասարին ուսուցման դեպքում չկան դրսից դասընթացավարներ կամ մենթորներ։ Այս պարագայում, աշխատակիցները սովորում և նոր հմտություններ են ձեռք բերում հենց իրենց գործընկերներից, ովքեր ավելի նեղ մասնագիտացված ոլորտում ավելի շատ փորձառություն ունեն։

Ուսուցումն հիմնականում տեղի է ունենում ազատ շփման, քննարկումների և գործնական փորձի փոխանակման միջոցով։

Արդյունքում՝

  • Ստեղծվում է բաց ու վստահ միջավայր, որտեղ աշխատակիցները ավելի ազատ են կիսվելու գիտելիքով և հարցեր տալու։
  • Զարգանում են հաղորդակցման և առաջնորդության հմտությունները, քանի որ սովորեցնողներն իրենց հերթին ավելի են ամրապնդում իմացածը։
  • Վերապատրաստումների համար կարողանում եք օգտագործել կազմակերպության ներքին ռեսուրսները։

Ինչպես կազմակերպել 

Ի տարբերություն աշխատակիցների վերապատրաստման մյուս եղանակներին, այս դեպքում հստակ պատրաստվել և ծրագիր կազմել է պետք։

  • Նախ ընտրեք այն աշխատակիցներին, ովքեր ունեն կոնկրետ ոլորտում խորացված գիտելիք և կամավոր կերպով կմիանան նախաձեռնությանը։
  • Դասընթացներն անցկացնող աշխատակիցներին ապահովեք անհրաժեշտ ռեսուրսներով և գործիքներով։
  • Կազմակերպեք կարճ, բայց նպատակային դասընթացներ, թեկուզ ոչ ֆորմալ տարբերակով։

Այս մոտեցման ամենահաջող օրինակներից է Google-ի «Googler-to-Googler» ծրագիրը։ Իմիջիայլոց,  Google-ի աշխատակիցների վերապատրաստման նախաձեռնությունների 80%-ը հենց հավասարը հավասարին մոտեցման շուրջ են կառուցված։

Ծրագրի շրջանակներում աշխատակիցները կամավոր կերպով հանդես են գալիս որպես այսպես այսպես կոչված, մենթորներ՝ փոխանցելով իրենց գիտելիքը տարբեր թեմաների շուրջ՝ սկսած տեխնոլոգիական նորություններից մինչև հաղորդակցման և առաջնորդության հմտություններ։

Այս աշխատակիցները կարճ նախապատրաստական փուլ են անցնում, որպեսզի հասկանան՝ ինչպես մատուցեն նյութը, ներգրավեն լսարանին, կազմակերպեն դասընթացները, և այլն։

Իսկ որպես խրախուսելու միջոց՝ աշխատակիցները կարող են իրենց գործընկերներին նոմինացնել, որի արդյունքում մենթորները բոնուսներ են ստանում։ 

Հմտությունների զարգացում քոուչինգ հանդիպումների շնորհիվ 

Ի տարբերություն մասնագիտական վերապատրաստումների, քոուչինգ հանդիպումները չեն տալիս աշխատակիցներին պատրաստի լուծումները, վերլուծություններն ու բացատրությունները։

Քոուչն ավելի շուտ ուղղորդում է աշխատակիցներին ճիշտ հարցերի, քննարկումների և հետադարձ կապի միջոցով։ Եթե մասնագիտական աճին զուգահեռ նաև կարևորում եք անձնական աճն ու փափուկ հմտությունների զարգացումը, ապահ կանոնավոր քոուչինգ հանդիպումները կօգնեն՝

  • բացահայտել աշխատակիցների ուժեղ կողմերը և բարելավել թույլ կողմերը
  • խթանել պրոդուկտիվ աշխատանքը
  • նպաստել աշխատակիցների պահպանմանը, քանի որ աշխատակիցները սկսում են տեսնել կարիերայի աճի հնարավորությունը հենց ձեր կազմակերպությունում

Միայն թե, պետք է հաշվի առնել, որ քոուչինգի դեպքում հստակ արդյունքներ կարելի է սպասել միայն երկարաժամկետ պլանում։

Ինչպես կազմակերպել 

  • Իրականացրեք կարիքների գնահատում և որոշեք քոուչինգ ծրագրի հիմնական նպատակը, և թե ինչ արդյունքներ եք ակնկալում։ Օրինակ՝ զարգացնել առաջնորդական հմտությունները, բարելավել աշխատանքի որակը, ամրապնդել թիմի ներսում կապերը, և այլն։
  • Կազմեք վերապատրաստման ծրագիրն ու ներգրավեք քոուչերի դրսից, կամ հենց աշխատակիցներից։
  • Ապահովեք շարունակական հետադարձ կապ և հետևեք առաջընթացին։ 

Քոուչինգը բավականին տարածված պրակտիկա է միջազգային մի շարք հայտնի կազմակերպություններում։ Թիմում քոուչինգի իր յուրահատուկ մոդելով աչքի ընկնող կազմակերպություններից է Microsoft-ը։ 

Երբ կազմակերպությունը փորձում էր փոխել իր մշակույթը և ստեղծել մի թիմ, որն անդադար սովորում է, պարզվեց, որ շատ հարցեր կախված են հենց մենեջերների մտածելակերպից ու աշխարհայացից։ 

Այդպես, կազմակերպությունը սկսեց ներդնել և կիրառել մի մոդել, ըստ որի լավագույն ղեկավարները պետք է լինե օրինակ թիմակիցների համար, հանդես գան որպես քոուչ, և հոգատարություն դրսևորեն թիմակիցների և նրանց գրանցած արդյունքների նկատմամբ։ 

Աշխատակիցներին վերապատրաստելու հիմնական ձևաչափերը 

Թե ինչպիսի եղանակներ կընտրեք աշխատակիցներին վերապատրաստելու համար իհարկե կախված է կազմակերպության նպատակներից, կառուցվածքից և ռեսուրսներից։ Վերապատրաստման ծրագրի հաջորդ քայլով անհրաժեշտ է սահմանել ուսուցման հիմնական ձևաչափերը։ Ըստ դասընթացների անցկացման ձևի և մեթոդների՝ առավել  տարածված են ավանդական ուսուցումը, էլեկտրոնային ուսուցումը, միկրոուսուցումը, խաղային ուսուցումը, հիբրիդային ուսուցումը, և այլն։ Եկեք քննարկենք մի քանիսը։

Ավանդական ուսուցում 

Թեև ժամանակին ավանդական, մենթորների և դասընթացավարների միջոցով իրականացվող ուսուցումն ամենատարածված ձևն էր աշխատակիցներին վերապատրաստելու համար, այսօր կազմակերպությունների 32%-ից ոչ ավելին են առավելություն տալիս ավանդական մոտեցմանը։ 

Այնուամենայնիվ, կան դասընթացներ, որոնց դեպքում անիմիջապես հետադարձ կապ ապահովելը չափազանց կարևոր է։ Ուստի այս ձևաչափից լիարժեք հրաժարվել չենք կարող։ Վերապատրաստուները կարող եք անցկացնել ավանդական ձևաչափով, եթե

  • փոքր թիմերի եք վերապատրաստելու
  • կենդանի հաղորդակցությունը և փորձի անմիջական փոխանակումը դասընթացի անբաժանելի մասն են կազմելու 

Էլեկտրոնային ուսուցում 

Ի տարբերություն դասարան հիշեցնող ավանդական ուսուցման եղանակների, էլէկետրոնային ուսուցումն ավելի ճկուն է, իսկ կազմակերպելն ավելի արդյունավետ LMS հարթակների միջոցով։ 

Ի դեպ, Լինկդինի՝ աշխատակիցների ուսուցման մասին 2020թ․-ի ուսումնասիրությունը պարզել է, որ կազմակերպությունների 57%-ը պլանավորում են ավելի շատ ռեսուրսներ ներդնել հենց օնլայն ձևաչափով ուսուցման մեջ։

Այս դեպքում՝

  • Աշխատակիցները անցնում են նախապես սահմանված դասընթացներն ու վերապատրաստումներն իրենց հարմար ժամի, և կարողանում են համատեղել աշխատանքի հետ։
  • Յուրաքանչյուր աշխատակից փաստացի ստանում է այնպիսի դասընթացներ, որոնք ոչ թե պարտադիր են կոնկրետ տվյալ մասնագիտության մեջ հմտանալու համար, այլ տվյալ աշխատակցի ուսուցման կարիքներին են համապատասխան։ 
  • Դասերը պլանավորված են նախօրոք, վերջնաժամկետներն ու հասանելիությունները նախապես կարգավորված են, և կարիք չկա հետևել՝ արդյոք այդ ժամին իրականացա՞վ դասընթացը, կամ՝ ինչպես անցավ։ Հիշեցումներ ուղարկելը և աշխատակիցների հետ հաղորդակցությունը նույնպես ավտոմատացվում է LMS համակարգերի շնորհիվ։ 

Միկրոուսուցում 

Հետազոտությունները ցույց են տալիս, որ աշխատակիցները նոր հմտությունների և գիտելիքի 70%-ը ձեռք են բերում հենց աշխատանքային գործունեության ընթացքում։ Այդ իսկ պատճառով, ուսուցման առավել հարմար տարբերակներից մեկն է կազմակերպել այնպես, որ ուսուցումը լինի հենց աշխատանքի մի մաս, այլ ոչ թե միայն ֆորմալ դասընթացների տեսքով։ 

Միկրոուսուցումը հիմնված է այն գաղափարի վրա, որ մենք ավելի լավ են ընկալում և հիշում ինֆորմացիան երբ այն կոնկրետ է, ծավալով շատ փոքր, և հնարավոր է անմիջապես կիրառել գործնականում։ 

Այս մշակույթը ձևավորելով՝ կարողանում եք աշխատակիցների ուսուցումը դարձնել շարունակական, և չսահմանափակվել միայն հատուկ կազմակերպված դասընթացներով։ 

Իսկ միկրոուսուցումը կիրառելու ամենատարածված տարբերակներից մեկը բջջային հավելվածի միջոցով ուսուցումը կազմակերպելն է։ Uteach LMS-ը հնարավորություն է տալիս ունենալ ձեր կազմակերպության բրենդավորված հավելվածը, և դարձնել աշխատակիցների ուսուցումն ավելի հետաքրքիր։ 

Ինչ հաշվի առնել ուսուցման գործընթացում

  • Օգնեք աշխատակիցներին սահմանել հստակ նպատակներ

Որպեսզի ուսուցման գործընթացը տա իրական և չափելի արդյունք, շատ կարևոր է սկսել ամենասկզբից՝ աշխատակիցների նպատակներից։ Երբ մարդն ինքն է գիտակցում, թե ինչու է սովորում, ինչ ուղղությամբ է ցանկանում զարգանալ և ինչպես է պատկերացնում իր աճը կազմակերպության ներսում, ուսուցումն արդեն դառնում է ոչ թե պարտադիր գործընթաց, այլ գիտակցված ընտրություն։

  • Կրթությունը դարձրեք շարունակական 

Ժամանակ առ ժամանակ միայն մեկ կամ երկու դասընթաց անցկացնելը լուծում չէ։ Վերապատրաստումներն ու դասընթացները երկարաժամկետ պլանում արդյունքներ են տալիս միայն այն դեպքում, երբ կրթությունը ձեր կազմակերպության մշակույթի մի մասն է կազմում։ Ուստի հարկավոր է քայլեր ձեռնարկել նախաձեռնությունը շարունակական դարձնելու ուղղությամբ։

  • Ցուցաբերեք անհատականացված մոտեցում 

Յուրաքանչյուր աշխատակից ունի տարբեր կարիքներ, նպատակներ, և յուրացնելու համար անհրաժեշտ ժամանակը կրկին տարբեր է։ Սակայն հաճախ կազմակերպություններում դասընթացները հենց թիմերի համար են անցկացվում, որի շրջանակներում դժվար է անդրադառնալ կոնկրետ աշխատակցի ուսուցման կարիքներին։ Այս առումով էլեկտրոնային ուսուցումն ավելի ճկուն տարբերակ է հանդիսանում, քանի որ հնարավորություն ունեք հանձնարարել կոնկրետ դասընթացներ, որի արդյունքում բարձրանում է ուսուցման արդյունավետությունը և սովորելու մոտիվացիան։

  • Ուշադրություն դարձրեք թե կոշտ, թե փափուկ հմտություններին 

Թեև մասնագիտական գիտելիքները շատ կարևոր են, խնդիրների և մարտահրավերների մեծ մասը հաճախ կախված է փափուկ հմտություններից, ինչպիսիք են օրինակ հաղորդակցությունը, թիմային լինելու և խնդիրների լուծելու կարողությունը, և այլն։

Ուստի վերապատրաստումներ ծրագրելիս, նկատի ունեցեք նաև փափուկ հմտությունները։

  • Ձեռնարկեք քայլեր ներգրավվածություն ապահովելու ուղղությամբ

Աշխատակիցների վերապատրաստման գործընթացի հիմնական մարտահրավերներից մեկն այն է, երբ աշխատակիցները պասիվություն են դրսևորում։ Այս պարագայում շատ կարևոր է ներկայացնել՝ ինչպես են տվյալ դասընթացներն օգնելու նրանց հասնել գործնական նպատակներին և մատուցել դասընթացները ամենօրյա առաջադրանքների և քեյսերի հիման վրա։ 

Աշխատակիցների վերապատրաստումն ավելի արդյունավետ է Uteach-ի հետ

Իսկ որպեսզի գործընթացը հնարավորինս սահուն անցնի, անհրաժեշտ է նախևառաջ ունենալ վերապատրաստման ծրագիր։ Դասընթացներն անցկացնելուց հետո մի մոռացեք հետադարձ կապ հավաքել աշխատակիցներից, որն էլ կօգնի ձեզ բարելավել դասընթացները։

Իսկ Uteach-ն օգնում է ավտոմատացնել ուսուցման և օնբորդինգի մի շարք գործընթացներ, խնայել ժամանակ և դասընթացները դարձնել ավելի արդյունավետ։ Uteach-ի միջոցով 6000-ից ավելի անհատներ, ակադեմիաներ և կազմակերպություններ կարողանում են հեշտությամբ ստեղծել և կառավարել դասընթացների անցկացման ողջ գործընթացը։ 

Ամրագրեք անվճար հանդիպում մեր մասնագետի հետ, իմանալու՝ ինչպես Uteach-ը կարող է բավարարել հենց ձեր կազմակերպության ուսուցման կարիքները։

Facebook Twitter Linkedin Reddit

Բաժանորդագրվեք՝ ամենաօգտակար նյութերը բաց չթողնելու համար։

Շնորհակալություն։ Խնդրում ենք ստուգել Ձեր էլ․ հասցեն (նաև spam և promotion բաժինները):