Առցանց դասավանդման կազմակերպաիրավական ձևերն ու հարկատեսակները

Հեղ. ՝ Sona Hoveyan / Թարմացվել է .16 Օգոս 2024
8 րոպե կարդալու
Առցանց դասավանդման կազմակերպաիրավական ձևերն ու հարկատեսակները

Եթե որոշել եք բացել օնլայն դպրոց, իրականացնել դասընթացների վաճառք, ասել է թե ունենալ բիզնես, ուրեմն վաղ թե ուշ կանգնելու եք ընտրության առաջ՝ բացել ՍՊԸ, թե ԱՁ։ Տնտեսական գործունեության ճիշտ ընտրությունը Ձեզ մի շարք գլխացավանքներից կազատի, ուստի եկեք միասին հասկանանք բոլոր նրբությունները։ 

Ինչու է հարկավոր ընտրել կազմակերպաիրավական ձև առցանց դպրոցի համար 

Մինչ գրանցման փուլին հասնելն անհրաժեշտ է որոշում կայացնել բիզնեսի իրավական կարգավիճակի, այլ կերպ ասած կազմակերպաիրավական ձևի վերաբերյալ: Կհարցնեք՝ ինչու՞: Բիզնեսի գրանցման դիմումը լրացնելիս Ձեզանից կպահանջվի  ընտրել իրավական կարգավիճակը: Այս դեպքում ցանկալի է ունենալ նախօրոք կայացրած որոշում: 

Կազմակերպաիրավական ձևն ընտրելը նաև անհրաժեշտ է իրավական դաշտում ճիշտ գործելու և սահմանված օրենքներն ու նորմատիվ ակտերը պահպանելու համար: Նման կանոնակարգերը ներառում են որոշակի հարկային պարտավորությունների պահպանում ու սպառողների իրավունքների պաշտպանություն: Պետական գրանցումն անհրաժեշտ է, եթե 

  • նախատեսում եք երկարաժամկետ տնտեսական գործունեություն ծավալել, առցանց դասընթացները դարձնել եկամտի հիմնական աղբյուր ու ընդլայնել Ձեր դասավանդման բիզնեսը
  • ցանկանում եք Ձեր կազմակերպության անունից ուսանողներին տրված հավաստագրերն ունենան իրավական ուժ
  • ցանկանում եք շահել ուսանողների վստահությունը և ներկայանալ պրոֆեսիոանալ կերպով
  • փնտրում եք ներդրողներ, ովքեր հետաքրքրված են Ձեր բիզնես գործունեությամբ 
  • ցանկանում եք ճիշտ կառավարել դրամական միջոցները՝ առանձնացնելով կազմակերպության և անձնական ֆինանսները 
  • ցանկանում եք խուսափել ստվերային գործունությունից 
  • պատրաստ եք ունենալ փոքրիկ ներդրում Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման գործում 😉 

Որպես կազմակերպաիրավական գործունեության ձև Ձեր առցանց դպրոցը կարող է հանդես գալ կա՛մ իրավաբանական անձ (ՍՊԸ), և կա՛մ անհատ ձեռնարկատեր (ԱՁ)։ Յուրաքանչյուր ձև ունի իր առանձնահատկություններն ու համապատասխան պարտավորությունները: 

Օնլայն դասընթացների վաճառք տանից

ԱՁ, թե՞ ՍՊԸ. որ կազմակերպաիրավական ձևն ընտրել առցանց դպրոցի դեպքում 

Այժմ պարզաբանենք այս տեսակների օրենսդրական կարգավորումները, որպեսզի կարողանաք ընտրել ամենաօպտիմալ տարբերակն առցանց դասավանդման բիզնես տեսանկյունից: 

Իրավաբանական անձ 

Առաջին հարցը, որ պետք է պատասխանել  իրավական կարգավիճակ ընտրելուց առաջ, հասկանալն է՝ հանդես եք գալու որպես կազմակերպություն, թե՞ անհատ: Այս հարցին պատասխանելու համար հարկավոր է հասկանալ՝ ի՞նչ են դրանք ներկայացնում:

Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի` «իրավաբանական անձ է համարվում այն կազմակերպությունը, որը, որպես սեփականություն, ունի առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով, կարող է իր անունից ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող»: Սա նշանակում է, որ Դուք հանդես եք գալու ոչ թե որպես անհատ, այլ որպես կազմակերպություն: 

Ըստ գործունեության տեսակի իրավաբանական անձը կարող է լինել շահույթ ստանալու նպատակ հետապնդող և շահույթ ստանալու նպատակ չհետապնդող: Քանի որ  առցանց դպրոցների գործունեությունը պատկանում է հենց առաջին տեսակին, կդիտարկենք դրա առանձնահատկությունները:

Առանձնահատկություններ 

  • Եթե առցանց դասավանդման բիզնեսը հիմնել եք գործընկերոջ հետ, կամ նախատեսում եք ապագայում ներգրավել գործընկերների, ապա կարող եք ընտրել ՍՊԸ-ի և ՓԲԸ-ի միջև և պատասխանատվությունը կիսել գործընկերոջ հետ:
  • Դուք պատասխանատու եք ոչ թե Ձեր անձնական, այլ կազմակերպության գույքով: 
  • ՍՊԸ-ի դեպքում հեղինակային իրավունքները պատկանում են կազմակերպությանը: Սա նշանակում է, որ եթե Դուք չունեք լրացուցիչ պայմանագիր և համաձայնություն դասընթացների հեղինակների հետ, ապա դասընթացների հեղինակային իրավունքները կազմակերպությանն են: 
  • ՓԲԸ-ի դեպքում կարող եք ունենալ լրացուցիչ բաժնետոմսեր, ինչը հնարավորություն կտա ներգրավել երրորդ անձանց ֆինանսական ներդրումները Ձեր առցանց դասավանդման բիզնեսի մեջ:
  • ՍՊԸ-ի դեպքում ձեր շահույթը և դրա ծախսման ուղղությունները կառավարվում են հիմնադիր ժողովի որոշմամբ: Սա նշանակում է, որ ի տարբերություն անհատ ձեռնարկատիրության, շահույթն ամբողջությամբ Ձերը չէ, ուստի չեք կարող միայն Դուք հանդիսանալ դրա տնօրինողը: 
  • Իրավաբանական անձը, ի տարբերություն անհատ ձեռնարկատիրության, ենթադրում է ավելի շատ փաստաթղթավարություն: Այդ պատճառով էլ անհրաժեշտ է պարբերաբար ներկայացնել պետական հաշվետվություններ:  
  • ՍՊԸ-ն հնարավոր է գրանցել անգամ 1000դրամ կանոնադրական կապիտալով, որը մասնակիցների բաժնեմասների չափն է: 
  • Պարտավորված է ունենալ գործունեության հասցե: Կնիքը պարտադիր չէ։
  • Գրանցումը կատարվում է առանց վճարի և առանց որևէ պետական տուրքի: 
  • ՍՊԸ-ն պետք է պարտադիր ունենա գրանցված տնօրեն։ Վերջինս պետք է աշխատավարձ ստանա։ Այսինքն փաստաթղթավարությունն այստեղ շատանում է։

Ո՞ր դեպքում ընտրել 

Եթե ցանկանում եք հանդես գալ որպես կազմակերպություն, ներկայանալ որպես ընկերության տնօրեն, ներգրավել  գործընկերների, ապա իրավաբանական անձը ՍՊԸ-ի տեսքով  լավ տարբերակ է Ձեզ համար: Պետք է հաշվի առնել նաև, որ իրավաբանական անձը գործում է համաձայն բաժնեմասերի սկզբունքերի: 

Անհատ ձեռնարկատեր  

Համաձայն ՀՀ «Անհատ ձեռնարկատիրոջ մասին» օրենքի՝ «Անհատ ձեռնարկատերն այն ֆիզիկական անձն է, որն իրավունք ունի, առանց իրավաբանական անձ կազմավորելու, ինքնուրույն, իր անունից և իր ռիսկով իրականացնել գործունեություն, որի հիմնական նպատակը գույք օգտագործելուց, ապրանքներ վաճառելուց, աշխատանքներ կատարելուց կամ ծառայություններ մատուցելուց շահույթ (եկամուտ) ստանալն է»: 

Կարևոր է հաշվի առնել, որ լինել անհատ ձեռնարկատեր չի նշանակում կատարել բոլոր գործառույթները միայնակ: Ուստի, Դուք կարող եք նաև գրանցել աշխատողների: Երբեմն Ա/Ձ հասկացողությունը շփոթում են իրավաբանական անձ հասկացության հետ: Սակայն անհատ ձեռնարկատիրությունը ֆիզիկական անձն է: Ներքոնշյալ առանձնահատկությունները կօգնեն Ձեզ ընտրել ճիշտ իրավական կարգավիճակ առցանց դպրոցի համար: 

Առանձնահատկություններ  

Կարևոր է նկատի ունենալ, որ անհատ ձեռնարկատիրոջ կարգավիճակը ներառում է այլ առանձնահատկություններ. 

  • Որպես ֆիզիկական անձ պատասխանատվություն եք կրում Ձեր սեփական գույքով: Սա նշանակում է, որ եթե ժամանակին և պատշաճ չկատարեք Ձեր պարտավորությունները որպես անհատ ձեռնարկատեր, ապա պարտավոր եք հատուցել սեփական գույքով: 
  • Շահույթի 100%-ը պատկանում է  անհատ ձեռնարկատիրոջը: Ուստի նաև  տարբերակում չի դրվում անձնական միջոցների և առցանց դասավանդումից ստացած շահույթի միջև: Կարող եք տնօրինել շահույթն ինչպես կամենաք, և հարկարվոր չէ փաստաթղթավարություն վարել այս հարցում: 
  • Որպես անհատ ձեռնարկատիրոջ առավելություն՝ հաշվապահական և հարկային հաշվառման տեսանկյունից Ա/Ձ-ն շատ ավելի պարզ է, քանի որ ենթադրում է ավելի քիչ պարտավորություններ: 
  • Չկա շրջանառության որևէ սահմանափակում: 
  • Ի տարբերություն ՍՊԸ-ի, որոշումների կայացման գործընթացն ավելի հեշտ է, քանի որ որոշում կայացնողը մեկն է, և դա Դուք եք:
  • Գրանցման հասցեն համարվում է Ձեր բնակության հասցեն: 
  • Կնիք կարող եք ունենալ ըստ անհրաժեշտության՝ որոշակի փաստաթղեր վավերացնելու համար, սակայն այն պարտադիր չէ: 
  • Ի տարբերություն իրավաբանական անձի՝ լուծարման գործընթացն ավելի հեշտ է և արագ:
  •  Գրանցելու համար անհրաժեշտ է 3000 ՀՀ դրամ պետական տուրք վճարել:

Ո՞ր դեպքում ընտրել 

Եթե դասավանդման գործունեության ընթացքում Ձեզ անհրաժեշտ չէ ունենալ կազմակերպության կարգավիճակ և իրավասություններ և ցանկանում եք առցանց դասավանդումից ստացած շահույթը ծախսել անձնական նպատակներով, ապա կարող եք ընտրել անհատ ձեռներեցի կարգավիճակը որպես կազմակերպաիրավական ձև:

Առցանց դասընթացի ձայնագրման պրոցես

Հարկային պարտավորություններ 

Բացի առցանց դասավանդման բիզնեսի կազմակերպչաիրավական ձևն ընտրելուց անհրաժեշտ է նաև ընտրել համապատասխան հարկատեսակը: Հարկային պարտավորությունների տեսանկյունից չկա նշանակալից տարբերություն՝ արդյոք գրանցված եք որպես ֆիզիկական անձ, թե որպես իրավաբանական անձ:

Պարզապես իրավաբանական անձի դեպքում յուրաքանչյուր բաժնետեր ստացված շահույթի դիմաց որպես հարկ է վճարում է իր շահույթի 10%-ը: Մինչդեռ անհատ ձեռնարկատերը այս տեսանկյունից չի հարկվում (քանի որ բաժնեմասերի վերաբերյալ խոսք գնալ չի կարող): Որպես հարկատեսակ, թե՛ որպես ՍՊԸ, և թե՛ որպես Ա/Ձ կարող եք ընտրել ստորև ներկայացված և Հայաստանի Հանրապետությունում կիրառվող երեք հարկատեսակներից մեկը:  

  • Միկրոձեռնարկատիրություն -  Դուք կարող եք համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ, եթե առաջարկում եք նեղ մասնագիտական գիտելիքների ձեռքբերման և այլ դասընթացներ: Այնուամենայնիվ, եթե առաջարկում եք ոչ թե դասընթացներ, այլ խորհրդատվություն, ապա չեք կարող ընտրել այս հարկատեսակը:  Մինչև 24 մլն շրջանառություն ունենալու միկրոձեռնարկատերը որպես Ա/Ձ վճարում է միայն դրոշմանիշային վճար՝ ելնելով իր շրջանառությունից: Սա ապահովում է մեկ ճկունություն Ձեզ համար որպես առցանց դասընթացավար: 
  • Շրջանառության հարկ - Վճարվում է յուրաքանչյուր եռամսյակի շրջանառության 5%-ը: Շրջանառության հարկ վճարողներ կարող են համարվել 115 մլն-ի շրջանառությունը չգերազանցած կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը: Ուստի այն նույնպես արդյունավետ տարբերակ է Ձեզ համար: 
  • Ընդհանուր հարկման դաշտ -  վճարվում է ԱԱՀ յուրաքանչյուր վաճառված պրոդուկտի (առցանց դասընթացներ, թվային և ֆիզիկական պրոդուկտներ live դասեր և այլն) 20%-ի չափով, կախված շրջանառությունից՝ ամսական կամ եռամսյակային կտրվածքով: Ինչպես նաև շահութահարկ՝ շահույթի 18%-ի չափով: 

Սակայն, եթե հանդիսանում եք ՍՊԸ, կամ անհատ ձեռնարկատեր, որն ունի աշխատակիցներ, անհրաժեշտություն կառաջանա հաշվի առնել աշխատավարձի վճարման ուղման միջոցներից (ԱՎՈՒՄ) հաշվարկը: Պայմանները նույնն են բոլոր երեք հարկատեսակների համար. 

  • Եկամտային հարկ՝ 20%
  • Սոցիալական վճար` - 5%  (հաշվարկվում և կիրառվում է 1974թ հունվարի 1-ից հետո ծնված աշխատակիցների դեպքում) 
  • Դրոշմանիշային վճար, որը կարգավորվում է հետևյալ օրենքով:

Եթե նկատի ունենաք յուրաքանչյուր հարկատեսակին բնորոշ կետերը, ապա կտեսնեք, որ գործընթացը բոլորովին բարդ չէ, և վճարվող հարկի չափը ստացած շահույթի համեմատությամբ առանձնակիորեն չի տարբերվում հարկերից, որոնք Դուք այսպես թե այնպես կվճարեիք՝ լինելով սովորական աշխատակից:

Տնտեսական համագործակցություն

Ի՞նչ է հարկավոր առցանց դասավանդման բիզնեսի գրանցման համար 

Պետական գրանցման գործընթացը շատ ավելի հեշտ է, քան կարող եք պատկերացնել: Պարզապես հարկավոր է պետական ռեգիստրի գրասենյակում լրացնել դիմումի օրինակը, կամ անել այդ ամենը առցանց տարբերակով www.e-register.am կայքում: Անհրաժեշտ փաստաթղթերը և միջոցները ներառում են.

  • անձնագիր կամ նույնականացման քարտ
  • պետական տուրքի գումարը (3000 ՀՀ դրամ)՝ միայն որպես անհատ ձեռնարկատեր գրանցվելու դեպքում: 

Գրանցումից հետո 20 օրվա ընթացքում հարկավոր է տեղեկացնել հարկատեսակի վերաբերյալ ընտրության մասին: 20 օրվա ընթացքում նման տեղեկատվություն չտրամադրելու  դեպքում ավտոմատ կերպով կանցնեք ընդհանուր հարկման դաշտ: 

Այնուհետև ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետ կնքելու եք պայմանագիր, որպեսզի կարողանաք ներկայացնել էլեկտրոնային հաշվետվություններ: Հաշվետվությունները ներկայացվելու են www.taxservice.am կայքով: 

Գործարքներ իրականացնելու համար, անշուշտ, պետք է ունենալ բանկային հաշիվ: Այն հնարավոր է ունենալ ՀՀ-ի ցանկացած բանկում ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ և պետական ռեգիստրում գրանցման վկայականի պատճենը: Գործընթացն իրականացնելու համար կարևոր է նաև նախապես ծանոթանալ տվյալ պահին բանկում գործող սակագներին:  

Կարո՞ղ եմ դասընթացներ վաճառել արտասահմանյան ուսանողների 

Լինելով ռեզիդենտ առևտրային կազմակերպություն և գրանցված լինելով Հայաստանի Հանրապետությունում՝ կարող եք դասընթացներ վաճառել արտասահմանյան ուսանողների առանց որևէ լրացուցիչ կամ առանձնահատուկ պարտավորությունների:

Լավագույն իրավական կարգավիճակը առցանց դպրոցի համար 

Իրավական կարգավիճակի լավագույն տարբերակներն առցանց դպրոցի դեպքում ԱՁ֊ն, ՍՊԸ֊ն և բաժնետիրական ընկերություններն են։ Իսկ թե որն ընտրել` կախված է Ձեր նպատակներից։ Ահա այն հարցերը, որոնք կօգնեն Ձեզ այդ ընտրության հարցում

  • ցանկանում եք ներկայանալ որպես ընկերության տնօրեն, թե՞ որպես անհատ ձեռնարկատեր
  • ունեք գործընկերներ, որոնց հետ սկսելու եք, կամ պլանավորում եք ներգրավել, թե՞ լինելու եք միայնակ։

Կարևոր է հիշել, որ իրավական կարգավիճակը որևէ կերպ չի ազդելու Ձեր` որպես առցանց դասավանդող և դասընթացների հեղինակ գործունեության վրա։ Ի վերջո,  առավել կարևորը բիզնեսի արդյունավետ գործունեությունն է։ 

Առցանց դասավանդման  բիզնեսի գրանցումը տևում է րոպեներ, հատկապես առցանց տարբերակով գրանցման դեպքում։ Ուստի մի հապաղեք կատարել առաջին քայլը իրավական կարգավիճակն ընտրելուց հետո։ 

Իսկ  հաշվետվություններից մի վախեցեք։ Պարզապես կարող եք գտնել հմուտ հաշվապահ, ով այդ հարցում Ձեզ կօգնի։

Սկսեք ԱՆՎՃԱՐ

Facebook Twitter Linkedin Reddit

Բաժանորդագրվեք՝ ամենաօգտակար նյութերը բաց չթողնելու համար։

Շնորհակալություն։ Խնդրում ենք ստուգել Ձեր էլ․ հասցեն (նաև spam և promotion բաժինները):